ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՔՈՒՇԱՆՆԵՐԸ, ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԱՐՔԱՆ, ՀԱՅՈՑ ԱՅՐՈՒՁԻՆ ԵՎ ...

ՔՈՒՇԱՆՆԵՐԸ, ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԱՐՔԱՆ, ՀԱՅՈՑ ԱՅՐՈՒՁԻՆ ԵՎ ...
11.12.2009 | 00:00

Երբ հայերը պատրաստվում էին 451-ին, գաղտնի հրաման տրվեց Շապուհի բանակում քուշանների դեմ հայոց այրուձիու հրամանատարին` զորքն աննկատ դուրս բերելու պատերազմի դաշտից և ապահով հասցնելու Հայաստան։ Մեծ քուշանների տիրապետության շրջանում, որոնց մայրաքաղաքը գտնվում էր Աֆղանստանի հյուսիսային մասում, երկրում տարածվեց բուդդայականությունը։ Թեպետ Սասանյանները մեծ հարված հասցրին նրա հզորությանը, բայց այդպես էլ չհաջողվեց վերջնականապես իրենց ենթարկել քուշաններին։ Շապուհի 20-ամյա պատերազմն այդ երկրում չպսակվեց հաղթանակով։ 14-րդ դարում Աֆղանստանի տարածքը գրավեցին մեծ մողոլները և Սեֆյանները։ Նրանց տիրապետության դեմ մղված երկարատև պայքարը հանգեցրեց բոլոր աֆղանների միավորմանը, և 1747 թվականին ստեղծվեց աֆղանական պետությունը։ Դրանից հետո եկան անգլիացիները։ Անգլո-աֆղանական երկու պատերազմները վերջնական հաղթանակ չբերեցին Անգլիային։ Հանճարեղ բանաստեղծի խոսքերով ասած` աշխարհի այդ մեծ ավանակը, որը տիրացել էր աշխարհ կոչված խուրձ խոտի մեծ մասին, չկշտանալով կերածով, աչքը տնկել էր այդ ծղոտի վրա։ Աֆղանստանը հարուստ երկիր չէ, նրա տարածքի (555 հազար քառ. կիլոմետր) 75 տոկոսը լեռնային է։ Այդ ծղոտն Անգլիայի համար անմարսելի դուրս եկավ։ 1919-ին սկսված երրորդ աֆղանա-անգլիական պատերազմն ավարտվեց Անգլիայի խայտառակ պարտությամբ։ Այդ պատերազմից հետո էլ Աֆղանստանի նկատմամբ շարունակված անգլիական ստոր դավերը որևէ արդյունք չտվեցին։ 1921-ին կնքվեց սովետա-աֆղանական բարեկամության պայմանագիրը։ Մինչև սովետական զորքերի մուտքը Աֆղանստան, այդ երկիրը, իրոք, բարիդրացիական հարաբերություններ էր պահպանել սովետների նկատմամբ։ ԽՍՀՄ-ի ազդեցությունը բավականին մեծ էր Աֆղանստանի վրա։ Եղածը համարելով քիչ` ԽՍՀՄ-ը դավադրաբար տապալեց Զահիր շահին և իշխանության բերեց բանաստեղծ Նուր Մուհամեդ Թարաքիին, որի իշխանությունը շատ կարճ տևեց, որովհետև նա էլ զոհ գնաց հերթական դավադրությանը, և իշխանության եկավ Նաջիբուլան։ Բոլորիս հայտնի է, թե որքան թանկ նստեց աֆղանական պատերազմը խորհրդային երկրի վրա։ 1980 թվականին Մոսկվայում ինձ մտերիմ մի ռուս մտավորականի ընտանիքում ծանոթացա Դաղստանում ծնված, ազգությամբ ռուս, սովետական գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Վալերի Գեորգևիչի հետ։ Ծանոթանալուց անմիջապես հետո երկուսիս միջև սկսվեց անկաշկանդ զրույց, որի թեման երկրի արտաքին քաղաքականությունն էր։ Եվ քանի որ Աֆղանստանն այդ քաղաքականության մեխն էր, հետաքրքիր էր լսել այդ հեղինակավոր մարդու կարծիքը։
Հարցրի, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ագրարային, ռազմականապես թույլ երկիրը, որ մեր հզոր երկիրը, որից ամբողջ աշխարհն է վախենում, չի կարողանում նրան ծնկի բերել։ Ոչ միայն համոզիչ, այլև ապշեցուցիչ էր գեներալի պատասխանը. «Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ երկրին հաղթելու համար առնվազն մեկ միլիոնանոց բանակ պետք է մտցնենք և այդ բանակը ոչ պակաս մեկ տարի պետք է պահենք այնտեղ։ Իսկ դա հնարավոր չէ ոչ միայն նյութատեխնիկական մատակարարման տեսակետից, այլև այն պատճառով, որ Աֆղանստանը խիստ կտրտված ռելիեֆով, կիրճերով, գրեթե անանցանելի ճանապարհների երկիր է։ Երկրում չկան բանուկ ճանապարհներ, չկա երկաթգիծ։ Ինչպես է հնարավոր այդպիսի երկրում միլիոնանոց բանակ մտցնել և տեղաշարժել։ Այդ երկրում մեր դեմ չկա ճակատային գիծ։ Բացի այդ, այդ երկիրն ապրում է տոհմատիրական ժամանակաշրջանի կենցաղով, մի տոհմը չի միջամտում մյուսի կյանքին։ Փողոցում աֆղանը քեզ սիրալիր բարևում է, մտնում է մզկիթ, աղոթում, իսկ մութն ընկնելուն պես զենքը ձեռքին կռվում է քո դեմ։ Դե, եկ ու հաղթիր նրան։ Այդ երկիրը դարեր շարունակ ապրում է իր կենցաղով և չի ընդունում իր ներքին կյանքին միջամտող որևէ ուժի։ Մեզնից առաջ էլ շատերն են փորձել գրավել այդ երկիրը, բայց ոչինչ չի ստացվել։ Նրանք հպարտ ժողովուրդ են։ Իմ կարծիքով` նրանց հարկավոր է թողնել իրենց կենցաղի մեջ»։
Այսօր, երբ լսեցի ԱՄՆ-ի նախագահի հրամանը` Աֆղանստան լրացուցիչ 30 հազար զորք ուղարկելու մասին, ակամայից հիշեցի Վալերի Գեորգևիչին։ Մտածում եմ, այդ ինչպես պատահեց, որ ԱՄՆ-ը մոռացավ Կորեան, Վիետնամը։ Մի՞թե ԱՄՆ-ը վերջնական հաղթանակ է տարել Իրաքում, որ սրա վրա ավելացնում է պատերազմն Աֆղանստանում։ Առերևույթ ՆԱՏՕ-ի հետ այսօր սիրաբանող Ռուսաստանը ԱՄՆ-ին սիրով է տրամադրում իր ճանապարհները (օդային, ցամաքային), քանզի սեփական փորձից ելնելով հավատացած է, որ այդ ճանապարհները տանում են դեպի գերեզմանոց։
Մեր պատմությունն է մեզ հուշում այդ ավանտյուրայի վերջը, սակայն հասկանալի պատճառներով ուղարկում ենք մեր 40-հոգանոց բրիգադը։ Էն ժամանակ հայոց այրուձին էր, պարսից Շապուհ արքան, քուշանները։ Այսօր բովանդակությունը նույնն է, ինչպես 16 դար առաջ, միայն որոշ անուններ են փոխվել` հայոց 40-հոգանոց ռազմական բրիգադ, ՆԱՏՕ-ի զինվորներ, Օբամա և դիմակայող Աֆղանստան։ Ակամայից հարց է ծագում` ովքե՞ր նրանց տեռորիստ դարձրին։ Այդ տեռորիստներին ծնողներն այսօր գնում են սպանելու իրենց զավակներին։
Կստացվի՞ դա, թե՞ ոչ. ցույց կտա ժամանակը։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ